National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
19.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
05.11.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի ծննդյան 60-ամյակին եւ գահակալության 12-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ճաշկերույթի ժամանակ

Հայաստանի Հանրապետության մեծարգո  Նախագահ,

Վեհափառ Տեր,

Հոգեւոր հայրեր,

Հարգելի հյուրեր, 
  
Ինձ համար պատվաբեր է այսօր Ամենայն Հայոց 132-րդ Հայրապետ եւ Ծայրագույն Պատրիարք Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի օծման եւ գահակալության 12-րդ տարեդարձի օրը, ինչպես նաեւ ծննդյան 60-ամյակի ուրախ առիթով խոսել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու եւ նրա հոգեւոր առաջնորդի գործունեության մասին:

Ճակատագիրը մշտապես փորձություններ է սահմանել հայ ժողովրդի համար` մեզ պարտադրելով կրկին ու կրկին ապացուցել ապրելու կամքն ու կարողությունը, հարատեւելու ձգտումն ու զորությունը: Եվ մենք դարից դար հաղթահարել ենք այդ փորձությունները` սերը մեր սրտերում, հույսը մեր մտքերում, հավատը մեր հոգիներում: Այն հավատը, որի միջոցով, որի շնորհիվ եւ հանուն որի մենք կարողացանք հաղթահարել ժամանակի փորձություններն ու դիմակայել բազում մարտահրավերների: Այն հավատը, որը մեզ ուժ տվեց կառուցելու մեր ոգեղեն ու հոգեւոր տները` պետությունն ու եկեղեցին, որոնց ներդաշնակությունը մեր ժողովրդի ինքնության հարատեւման պատվարն է:

Պատմության քառուղիներում մեր միակ ապավենը, ազգային եկեղեցին է եղել: Եվ եկեղեցին հոգեւոր պաշտպանության ու առաջնորդության առաքելությունից զատ իր ուսերին է վերցրել պետականազուրկ մեր ժողովրդին ազգային պետականության հանգրվան հասցնելու մեծ առաքելությունը: Մեր ժողովուրդը եկեղեցուն է վստահել իր ճակատագիրը: Եվ եկեղեցին դարերի ազգակործան խավարից ու պայքարի կրակից հառնելով կրկին ու կրկին մեր ժողովրդին անխախտ հասցրել է ինքնիշխանության բարձունքին: Մեր ազգի ամենածանր օրերին, երբ երկրի ավերակաց վրա տարածվում էր պատմահոր ողբը, երբ օտարի կամքը մարում էր հայ դպրության օջախները արեւմուտքից արեւելք, երբ հուսահատ պոետների շուրթերից պոկված հառաչանքը մոտալուտ վախճան էր գուժում հայի տեսակին, երբ իշխանության համար մրցող կուսակցությունների քաղաքական պայքարում պառակտվում ու քրքրվում էր ազգի զորությունը, հայի կողքին, հայի սրտում ու հայի աղոթքներում եկեղեցին էր: Եկեղեցին իր յուրաքանչյուր զավակի հոգում վառում էր հոգեւոր ու ոգեղեն վերածննդի հույսը: Դառնում էր հայ մանկան դպրության լույսը, հայ շինականի հավատը, հայ զինվորի կորովն ու հայ մոր աղոթքը դարեդար: Եկեղեցին լույս էր պոկում խավարից, ապրելու կամք էր կերտում հուսահատությունից ու շունչ տալիս հավատակորույս հոգիներին: Որ մայրն իր զավակին օրոր ասի հայերեն, որ հայն իր Աստծոն հայերեն փառաբանի ու իր պապերի ու տատերի աղոթքով օրհնի իր զավակներին:

Եկեղեցին եղել ու մնում է հայ ընտանիքի հայի հավաքական սրբության տաճարի պահապանը: Քրիստոնեական արժեքները. սերն ու հավատարմությունը, միասնությունն ու հարգանքը, վստահությունն ու արժանապատվությունը բարուրելով ամեն նորաստեղծ ընտանիքում, եկեղեցին այդ արժեքները դարձրել է ամուր վահան հայ ընտանիքի համար: Եվ եկեղեցու գերախորհուրդ արարմամբ հայ ընտանիքն է դարձել քրիստոնեական արժեքների կրողն ու հարատեւության պահապանը:

Եկեղեցին միավորել է մեզ եւ արարման եւ հաղթանակի ժամին: Հոգու վերածննդի հավատով տոգորված նրա զավակները մարտնչել ու զոհվել են հանուն իրենց հայրերի ու մայրերի սրբությունների, իրենց զավակների հայրենիքի ոգեղեն վերածննդի: Փոքրաթիվ ժողովրդի հավատն այն անխորտակելի պատնեշն է եղել, որն աշխարհի ուժեղների բազում նկրտումներից անխախտ է պահել ու ծաղկեցրել հայի ինքնությունը: Հավատի մաքրագործող զորությամբ մեր ժողովուրդը մտքի ու ոգու գոհարներ է արարել իր զավակների ու համայն մարդկության համար: Հավատի անկեզ հուրը մեր սրտերում նվաճողին դիմակայել ենք պահապան զենքով, սակայն եւ ծաղկող մատյանով: Մեր սրտի ջերմությունն ու մեր մտքի թռիչքը բազմիցս պարգեւել ենք ոչ միայն բարեկամին, այլեւ ասպատակողին անգամ: Քոչվորին տվել ենք գիր ու գրականություն, արվեստ ու թատրոն, երգ ենք տվել ու պետություն կառավարելու արվեստ, որովհետեւ քրիստոնեական արժեքները բոլոր ազգերից առաջ ընդունած ժողովուրդը քրիստոնեաբար է ապրել ոչ միայն իր ընտանիքում, այլեւ որպես մեկ ընտանիք`  աշխարհի մեծ ու փոքր ազգերի ընտանիքում:

Եվ մաքառումների ու արարումների հազարամյա ճամփորդը, իր ուղին կտրելով եկեղեցու կանթեղով լուսավորված, պայքարի ու գոյատեւման  վերջին ճիգով կռեց նորօրյա իր հաղթանակը: Քրիստոնեա հայը վերագտավ իր պետականությունն ու ինքնիշխանությունը:  

Հարգելի բարեկամներ

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին մեր օրերում իր արժեքների շուրջը շարունակում է համախմբել հայերին ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: Հաղորդակցության ու տեխնոլոգիաների սրընթաց զարգացման մեր դարում հայ եկեղեցին շարունակում է համամարդկային արժեքներին հաղորդակից դարձնել հայ երիտասարդին, հայ մարդուն: Իրավմամբ, միջուկային էներգիան ջերմացնում է մեր տներն ու լուսավորում մեր կացարանները: Սակայն տիեզերքի ամենահզոր աստղերն անգամ չեն կարող ջերմացնել մարդկային մեկ հոգի անգամ, հույսի գեթ մեկ շող վառել նրա սրտում կամ սիրով լցնել առ մերձավորը: Եվ միայն մարդկային հոգու ջերմությունն ու կրակն են, որ կարող են կանթեղել աստվածային լույսն ու հաղորդել այն մեկ ուրիշին: Մեր եկեղեցին հույսի, հավատի ու սիրո հաղորդակցության աստվածարար այս խորհուրդը շարունակում է պահպանել ու պաշտպանել մեր ժողովրդի համար:

Հարատեւման այս խորհրդին հետամուտ, հայը եկեղեցի ու դպրոց է կառուցել ուր էլ որ ձգել է իր արմատը: Կառուցել է Հայաստանում ու աշխարհի ամենահեռավոր անկյուններում: Կառուցել է որպես իր հոգու տուն եւ զավակների ինքնության պահպանման երաշխիք: Կառուցել է որպես քրիստոնյա հայ տեսակի հարատեւման գրավական, եւ որպես իր կենսունակության ապացույց աշխարհին:

«Հայ կրոնը, հայ եկեղեցին ոչ միայն հակադիր չէ ազգին, այլ նրա գոյության մեկ ուրույն ձեւն է: Բավական չէ գոյություն ունենալ, պետք է գոյություն ունենալ սեփական անունով, սեփական արժանապատվությամբ` անկախ, ինքնուրույն, միայն ու միայն քեզ նման եւ ոչ ուրիշի»- 1991թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեի նախօրեին ասել է այն ժամանակ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը` ըստ էության, իր դիրքորոշումն արտահայտելով ոչ միայն որպես հոգեւորական, այլ նաեւ որպես պետականության արժեքը գնահատող քաղաքացի: Այդ են փաստում նրա հետեւյալ խոսքերն արդեն 20 տարի անց` որպես Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի շնորհավորական ուղերձ անկախության 20-ամյակի առթիվ. «Նոր դար ենք մտել ազգային մեր այս իղձերը իրականություն դարձնելու հավատով, որի հիմքը մեր հայրենի անկախ պետականությունն է: Ազատ ու անկախ Հայրենիքը մեծ փոփոխություն եւ տեղաշարժեր է բերել համազգային մեր կյանքում, միավորել ու կենսավորել է մեր ժողովրդի ուժերը, ջանքերն ու հնարավորությունները»:

Մեր պատմության ընթացքում Վեհափառ հայրապետներն առաջնորդել են ազգը որպես հոգեւոր զորավարներ ճակատագրական պահերին խաչի հետ բարձրացնելով նաեւ սուրը, համախմբել նրան անգամ այն պահերին, երբ թվում էր, թե անհնար է եղել այդ համախմբումը: Տարբեր ժամանակներ ունեցել են իրենց մարտահրավերները, որոնք այսօր` արագ փոփոխվող, ավանդական արժեհամակարգը երբեմն ձեւախեղող ժամանակներում ստիպում են ժողովուրդներին ավելի համախմբված լինել, ավելի միասնական ու ավելի սթափ նայել ապագային, ավելի խնամքով վերաբերվել սեփական արժեքներին: Վերջին ավելի քան 12 տարիների ընթացքում Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին, Ամենայն հայոց Գարեգին Երկրորդ շինարար եւ բարեփոխիչ Վեհափառի աստվածահաճո հայրապետությամբ նոր ոգեւորություն է ապրում, աշխուժանում է հոգեւոր կյանքը, որը մեր հասարակության անբաժանելի մասն է: Այսօր բոլորս ձգտում ենք զարգացնել մեր երկիրը, հզորացնել մեր հայրենիքը, բայց դա դժվար է անել առանց հասարակության հոգեւոր առողջացման: Վստահ եմ, որ մենք հաջողության ենք հասնելու, եւ հասնելու ենք միասին` հայ ժողովուրդը, հայոց պետությունը եւ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ամենայն հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի առաջնորդությամբ, միասնական ջանքերով, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտում:

Վեհափառ Տեր, ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից եւս մեկ անգամ շնորհավորելով Ձերդ Վեհության օծման եւ գահակալության 12-րդ տարեդարձի, ինչպես նաեւ ծննդյան 60-ամյակի առթիվ,  մաղթում եմ Ձեզ երկար-երկար տարիներ հավատացյալ ժողովրդին առաջնորդելու ուժ, անսպառ եռանդ եւ առողջություն:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am